Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Երախտագիտության քարտեզ

Երախտագիտության քարտեզ
12.02.2016 | 12:05

Երբ «Փրկության քարտեզ» ֆիլմի մտահղացման հեղինակ և պրոդյուսեր ՄԱՆՎԵԼ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ հնարավորություն ընձեռեց դիտելու կինոնկարը, հոգեպես տակնուվրա եղա: Իսկ երբ տեսա, որ Հեդվիգ Բյուլը չփրկված հայ երեխաների նման ինքն էլ գերեզման չունի, աչքերս արցունքոտվեցին:
Չէ, սա նման չէ Հայոց ցեղասպանությունն «իրենցով արած» մյուսներին, երբ ռեժիսորական ինքնափորփրանքների, կեղծ գեղագիտական փնտրտուքների ու լուծումների արդյունքում անթույլատրելիորեն եղծվում է մեր ժողովրդի ողբերգությունը: Ցեղասպանության մասին անխարդախ ֆիլմ ստեղծելու համար այդ նույն ողբերգությունը պիտի լինի մաշկի տակ, սրտամկանի վրա, արյունատար անոթներում:
Հուզականությունը թողնեմ մի կողմ և ընթերցողին տրամադրեմ տեղեկատվություն:
Ստեղծագործությունը փաստավավերագրական, խաղարկային դրվագներով համեմված լիամետրաժ ֆիլմ է: Նկարահանումները կատարվել են Նորվեգիայում, Շվեդիայում, Դանիայում, Էստոնիայում, Գերմանիայում, Թուրքիայում, Հունաստանում, Լիբանանում, Սիրիայում, Հայաստանում, և պարունակում է տարբեր երկրների 16 արխիվների նյութեր: Սցենարի հեղինակն է Աննա Սարգսյանը, օպերատորներն են Արթուր Ղարայանը և Վահե Հակոբյանը, աննման երաժշտություն է գրել Վիգ Ցարտմանը (Ավստրիա), ռեժիսորն է տաղանդաշատ Արամ Շահբազյանը:
Ֆիլմը վարում-պատմում է խիստ համակրելի մի մարդ` պատմաբան, կրոնագետ Սվանտե Լունդգրենը (Ֆինլանդիա): Ինչի՞ և ո՞ւմ մասին է նա պատմում: Խստաշունչ երկրի բնակչին բնորոշ պաղարյունությամբ նա խոսում է հինգ միսիոներուհիների` Քարեն Եփփեի (Դանիա), Մարիա Յակոբսենի (Դանիա), Բոդիլ Բյոռնի (Նորվեգիա), Ալմա Յուհանսոնի (Շվեդիա) և Հեդվիգ Բյուլի (Էստոնիա, Գերմանիա) մասին: Կանայք, ովքեր փրկեցին հազարավոր հայ որբուկների, որոնք թեպետ չամուսնացյալ էին, բայց հայերի մայրեր: Ովքեր իրենց անունները ոսկե տառերով թողեցին հայոց հուշամատյանում:

Արտաքնապես Ս. Լունդգրենն անկիրք շարադրող է, մորթոտված ժողովրդի ողբերգությունն անճիչ թաքցնում է ներսում, և նրա փոթորկվող ներաշխարհը մասամբ բացահայտում է Վ. Ցարտմանի երաժշտությունը: Ակնհայտ է ստեղծագործության հեղինակների դիրքորոշումը` իրենք լոկ գործիք են, իսկ պատմությունն անաչառ ավետելը թողել են հյուսիսեվրոպացիներին:
Երբ շարադրողն անցնում է միսիոներուհիների ծննդավայրերով ու պատմում, թե այդ երիտասարդ կանայք ինչպես թողեցին իրենց բարեկեցիկ կյանքն ու ճանապարհվեցին հայերին փրկելու, դու հասկանում ես, որ խոսքը քրիստոնեական բարձրագույն բարոյական արժեքներ կրողների մասին է: Քրիստոնեական մարդասիրությունն էր, որ հյուսիսային ցուրտ Եվրոպայից նրանց ուղղորդեց դեպ տաք արյան մեջ ողողված հայերը:
Մուշում, ՈՒրֆայում, Խարբերդում, Հալեպում, Լիբանանում կատարած նրանց օրագրությունները զուսպ են ու գործնական, լացուկոծ չկա (ֆիլմն առհասարակ զերծ է ավելորդ լացուկոծից), բայց այդ զսպվածությունն ավելի է ընդգծում հրեշավորությունը:
Երբ թուրքերը միսիոներուհիներին ստիպում են հեռանալ, թե` այլևս քրիստոնյա չի մնացել, գնացեք, հեռանում են, բայց կարճ ժամանակ անց կրկին վերադառնում, որովհետև նրանց կյանքը, կենսիմաստը այնտեղ էր` որբ հայերի, իրե՛նց երեխաների հետ:
Անշուշտ, ֆիլմը չեմ շարադրի (անիմաստ է), կինոգիտական վերլուծություն կատարելու էլ հավակնություն չունեմ (դրա մասնագետը չեմ), ես ընդամենը թղթին եմ հանձնում իմ առաջին տպավորությունները, իսկ կինոնկարը դեռ բազմիցս կդիտեմ:
Սակայն կուզենայի, շա՜տ կուզենայի, որ «Փրկության քարտեզը», նախ, ցուցադրվեր Հայաստանի, Արցախի դպրոցներում ու սփյուռքի վարժարաններում…

Մանվել Սարիբեկյանը խիզախ մարդ է: Խիզախ, որովհետև հղանալ նման գաղափար ու ենթադրաբար հաղթահարելով բազում դժվարություններ, հրաշալի ստեղծագործական հանրակցության շնորհիվ այն կյանքի կոչել` ամեն մեկի բանը չէ:
Ներկայիս մեր բարոյական անկման դրսևորումներից մեկը երախտամոռությունն է: Մ. Սարիբեկյանը Ցեղասպանության, փրկության քարտեզից բացի ի ցույց է դրել երախտագիտության քարտեզ, իմա` բարոյական արժեքի վերադարձ:
Եվ դա նրան փայլուն կերպով է հաջողվել, որովհետև մեր ժողովրդի ողբերգությունը նրա և ստեղծագործական խմբի մաշկի տակ է, սրտամկանի վրա, արյունատար անոթներում:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1660

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ